Տեղեկատվական հասարակության դարաշրջանում հաջողության հիմնական գրավականներից մեկը հանրության շրջանում կազմակերպության, անհատի դրական կերպար ձևավորելը և պահպանելն է: Երիտասարդ ձեռնարկատերերը հանրային կերպար դառնալու համար մասնագիտական գիտելիքներ և հմտություններ ձեռքբերելու կարիք ունեն:
«Հայկական Փի Ար ասոցիացիա» գիտատեղեկատվական հասարակական կազմակերպությունը, Երիտասարդական ակումբների դաշնության (FYCA) հետ համատեղ, Եվրամիության «Youth in Action» ծրագրի շրջանակում մայիսի 25-ից հունիսի 2-ը կիրականացնի «Be a creative entrePReneur» (Եղի'ր կրեատիվ ձեռնարկատեր) միջազգային ուսուցողական դասընթացը, որին կմասնակցի Մեծ Բրիտանիայի, Հունգարիայի, Ուկրաինայի, Մոլդովայի, Ռումինիայի, Լեհաստանի, Վրաստանի և Հայաստանի 42 ներկայացուցիչ:
«Be a creative entrePReneur» դասընթացի նպատակն է զարգացնել ստեղծագործական մտածողությունը և հաղորդել հաղորդակցման հմտություններ, դառնալ ներկայանալի և հրապարակային հանրության առջև:
Լինել ստեղծագործ, նշանակում է կարողանալ նորարարական գաղափարներ արարել, յուրահատուկ մոտեցում ունենալ գործի նկատմամբ, գործընկերներին հնարավորություն ընձեռել ներգրավվել որոշումների կայացման գործընթացում, ձևավորել թիմային և համագործակցային մթնոլորտ:
Երիտասարդ ձեռներեցները հաճախ ստիպված են լինում հաղթահարել բազմաթիվ խոչընդոտներ: ««Be a creative entrePReneur» ուսուցողական դասընթացի խնդիրն է մասակիցներին հաղորդել գիտելիքներ սեփական գործը նախաձեռնելու, լիարժեք իրականացնելու, հրապարակային դարձնելու առումով, խթանել նորարարական և ստեղծագործական մտածողությունը»:
Ուսուցանողներն են Անգլիայի «Դե Մոնտֆորտ» համալսարանի (De Montfort University) դոկտոր Մոմոդու Սալլահը (2013 թվականին ճանաչվել է Միացյալ Թագավորության տարվա լավագույն դասախոս), Երևանի պետական համալսարանի դասախոս, բ.գ.թ., «Հայկական Փի Ար ասոցիացիա» գիտատեղեկատվական ՀԿ նախագահ Աստղիկ Ավետիսյանը:
Ծրագրի համակարգողն է Երիտասարդական ակումբների դաշնության նախագահության անդամ, ուսուցանող Նելլի Գիշյանը:
Մասնակիցները կայցելեն Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն, «eLSi» նորաձևության տուն, Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն, Երիտասարդական ակումբների դաշնություն` ծանոթանալու իրականացված աշխատանքներին և հետաքրքիր նախաձեռնություններին:
Anews.am
Orer.eu
Hraparak.am
Haynews.am